Մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայտնի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու», – գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս թեմայի շուրջ թերթը զրուցել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով ասել է, որ իր ընտանիքը մշտապես իրեն զորակցել է, մշտապես իր ընտանիքի կողքին է եղել, և ինքը շնորհակալ է նրանց դրա համար:
«Հնարավոր է՝ համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել: Դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղում կատարեք, թե որ տեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: