Իշխանության շրջանում ներկայումս քննարկվում է Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ այդ քայլը դիտվում է որպես ստեղծված փակուղուց դուրս գալու միակ հնարավորություն: Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ և համապետական երաշխավորված լուծում առաջարկի, ապա ինքը կդիտարկի հացադուլից դուրս գալու հնարավորությունը: Երեկվա ասուլիսում Հովհաննիսյանը հավելել է. «Ես շատ կոնկրետ, շոշափելի առաջարկներով գնացել էի Բադրամյան 26 և ներկայացրել իմ մոտեցումները: Ես նոր առաջարկ չունեմ և եթե պարոն Սարգսյանը ինձ ասելիք ունի, թե ինչպես է ինքը պատրաստվում լուծել համապետական այս հիմնախնդիրը, պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, և ես կորոշեմ ընդունել, թե մերժել»: Հակառակ պարագայում, ինչպես նշել է Հովհաննիսյանը, իր հացադուլը շատ երկար կտևի:
«Արդյոք Սարգսյանն այնքան վճռականություն կունենա կոնկրետ առաջարկով Ազատության հրապարակ գնալու համար, կերևա առաջիկայում», – եզրափակում է թերթը: