Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ և դրանց ճանաչման դեմ պայքարող մարդիկ ընդամենը թամաշա են անում: Հետընտրական զարգացումների և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին խոսելով՝ այսօր նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ընտրվել է: Ինձ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում: 20 տարի է՝ ամեն ընտրությունից հետո ասում են՝ ընտրակեղծիքներ են եղել: Ինչո՞ւ ես ոչ մի անգամ ընտրախախտում չտեսա», – ասել է Իգիթյանը:
Բանախոսը հավելել է, որ ինքն ամեն ընտրության գնալիս ընտրատեղամասում «ոտքը կախ ա գցել»՝ փորձելով հասկանալ, թե «էդ ոնց ա արվում», սակայն ընտրական կեղծիքների ականատես չի եղել:
Իգիթյանը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, սակայն, նրա կարծիքով, «Ժառանգության» առաջնորդի մեջ չկան այն հատկությունները, որոնք թույլ կտան թուրքի կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջող բանակցություններ վարել:
Ավագանու անդամը նշել է, որ ինքը պայքար չունի, այլ ունի տեսակետ:
«Ես գտնում եմ, որ 5 հազար տարվա ժողովուրդը չպետք է իր մեջ թշնամիներ փնտրի: Մենք մի դարդ ունենք՝ դա մեծ Հայաաստանն է», – ասել է բանախոսը՝ հավելելով, որ ամեն ամբիցիայի շուրջ մի կուսակցություն է ստեղծվում, որովհետև բոլորը ցանկանում են «նաչալնիկ լինել»:
Լրագրողներից մեկն ասել է Իգիթյանին, թե «բոլորն էլ դարդ ունեն, բայց միայն նաչալնիկներն են իրենց դարդերը լուծում»:
Դիտարկումը մեկնաբանելով՝ բանախոսը նշել է, որ դրա պատճառը երկրի ու բնակչության փոքր լինելն է, և այն, որ բոլորը խնամի-բարեկամ-ծանոթ են:
Լուսանկարը՝ Ecolur.org