Home / Հայաստան / Լիտվա-ԼՂՀ բարեկամության խումբը` վեճի պատճառ. նախկին ԱԳ նախարարին հիշեցրել են Թիբեթն ու Իչկերիան

Լիտվա-ԼՂՀ բարեկամության խումբը` վեճի պատճառ. նախկին ԱԳ նախարարին հիշեցրել են Թիբեթն ու Իչկերիան

Մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրել է լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել խմբի առաջին նիստի մասին:

Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը, ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրել է, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել:

«Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշեց, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Թիբեթի, Թայվանի, Իչկերիայի (Չեչնիայի – խմբ.) հետ բարեկամության խմբերին՝ տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:

Այնուհետև նիստի ավարտին ելույթ ունեցավ պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ: Իր խոսքում տիկին Կուոդիտեն, հայտարարելով, որ Լիտվայի Սեյմասում ս.թ. փետրվարի 26-ին կայացած «Լիտվա-Հայաստան. hայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը ինքն որակեց որպես «պետական գրաքննություն», ինչպես նաև հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան», մեկ անգամ ևս ընթերցեց խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը», – նշում է ՀՀ արտգործնախարարությունը:

Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի հիմնադիր անդամները ներկայացնում էին Սեյմասի քաղաքական չորս խմբակցություններ և երկու անկախ պատգամավորներ (ընդհանուր 9 պատգամավոր): Մարտի 14-ի նիստի ավարտին խումբը համալրվեց ևս 3 պատգամավորներով: Այսպիսով ներկայումս Լիտվայի Սեյմասում ստեղծված Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը ներառում է 12 պատգամավոր, որոնք ներկայացնում են քաղաքական հինգ խմբակցություններ և երկու անկախ պատգամավոր: Նրանց թվում է նաև Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը:

Լուսանկարը՝ balticreports.com