2012 թվականին ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Թերթը նշում է, որ չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, թերթին պատմել է. «Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»:
Թերթը եզրակացնում է, որ 300 հազար ԱՍՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չեն ծառայում իրենց նպատակին:
«Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՍՆ դոլարից ավելի գումար տվել»,- գրում է թերթը: