Այսօր մի քաղաքացի փորձել է մոտենալ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կինն ասել է՝ «եկել էս ստեղ, հացադուլի ես նստել, որ ի՞նչ», հայտնում է Galatv.am-ը:
«Մենք նախագահ ունենք, էլ ի՞նչ եք ուզում»,- բարձրաձայն գոռացել է կինը: Հավաքված քաղաքացիները փորձել են նրան հեռացնել, ինչին ի պատասխան՝ քաղաքացին սկսել է վիրավորել նաև Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին:
«Մենք արդեն ընտրել ենք նախագահ, ինչի՞ համար է մեզ պետք կռիվ»,- գոռացել է կինը: Միջադեպը փորձել է հարթել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ով խորհուրդ է տվել հավաքված քաղաքացիներին չտրվել սադրանքների և թողնել, որպեսզի այդ կինը հեռանա: Այդ պահին Ազատության հրապարակ է եկել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որին ևս քաղաքացին հարցրել է, թե նա ինչի՞ համար է հացադուլ արել: