Կիրակից մինչև հինգշաբթի Ազատության հրապարակում անցկացվելու է քաղաքացիական խորհրդի քննարկումների շարք, որը նոր ընթացք է հաղորդելու պայքարին և բերելու է դեպի նոր դատական և գործադիր, ապա օրենսդիր իշխանության ստեղծմանը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ համաձայն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հարթակից հնչեցրած առաջարկի հետ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հնարավորինս արագ սկսել նոր իշխանության շուրջ քննարկումների շարք, որտեղ մարդիկ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման սկզբունքների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ քաղաքացիական խորհրդի առաջին հանդիպումը վարելու է Փաշինյանը՝ կիրակի 17.00-ից մինչև 18:30-ը: Երկուշաբթի խորհրդի բանախոսը լինելու է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Յուրաքանչյուր օր բանախոսներն իրենց առաջարկներով են հանդես գալու, որից հետո դրանք քննարկվելու են խորհրդի մասնակիցների կողմից:
Ընդդիմության առաջնորդը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի մյուս առաջարկի մասին. այն է՝ ապրիլի 9-ին հարյուր հազարավոր մարդիկ պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում և անիմաստ դարձնեն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ ցույց տալով, թե ով է ընտրված նախագահը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հաջորդ հանրահավաքներից մեկի ժամանակ իրենք կքննարկեն Փաշինյանի առաջարկը:
Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, որ Երևանի ավագանու ընտորություններին մասնակցելը ճիշտ է, և այդ ընտրությունների ժամանակ հնարավոր է հաղթանակ տանել:
«Մեզանից մեկը կլինի Երևանի քաղաքապետը», – ասել է Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ ինքը ընտրությունների ցուցակը չի գլխավորելու:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի երեկվա վճռին:
«Չեմ կարող չասել իմ բարեկամին՝ Հրայր Թովմասյանին. ի՞նչ գործ ունի Արդարադատույան նախարարը, ով պետք է պաշտպանի բոլոր հայերի արդարադատությունը, որպես մեկ թեկնածուի իրավապաշտպան, ում թեկնածության համար կեղծվեց, գողացվեց, ծաղրվեց ողջ հայ ժողովուրդ և իր ձայնը: Ցավում եմ, Հրայր»,- ասել է Հովհաննիսյանը: Հավաքվածներից շատերը սկսել են վանկարկել «Ամոթ, ամոթ», ինչին ընդդիմության առաջնորդը պատասխանել է. «Ամոթ չէ, ցավ է»:
Հիշեցնենք, որ Թովմասյանը որպես Սերժ Սարգայանի ներկայացուցիչ էր ներգրավված Սահմանադրական դատարանում:
Իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ վաղը երեկոյան Ազատության հրապարակում տեղի կունենա ռոք-փառատոն, որի ընթացքում ելույթ կունենան առաջատար ռոք-խմբերը, իսկ հաջորդ հաղթահավաքը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 18:00-ին: