ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն առաջարկում է Հայաստանի հանքարդյունաբերության մեջ արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը: Դա այն նախագծերից մեկն է, որը Բագրատյանը պատրաստվում է ներկայացնել ԱԺ:
«Գրանցվելով օֆշորում և գործունեություն ծավալելով դրանից դուրս ոչ-ռեզիդենտ ընկերությունները հնարավորություն են ստանում թաքցնել հարկերն ու կապիտալ արտահանել մայր երկրներից։ Հայաստանի հանքարդյունաբերությունը հենց սա է։ Օֆշորում գրանցված ընկերությունները տիրապետում են բաժնեմասերի մի զգալի մասին, օֆշորներից են ներմուծում (մատակարարում) անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը (բնականաբար, ցույց են տալիս ամենաթանկ գները) և օֆշորներ են արտահանում արտադրանքը (հանքանյութը՝ բնականաբար ամենաէժան գներով, իսկ օֆշորներում արդեն վաճառում են իրական՝ թանկ գներով)։ Սրա վերջը պետք է տալ։ Օֆշորները չպետք է լինեն։ Եթե լավ բան լիներ ԱՄՆ-ն, Չինաստանը (բացառությամբ նախկինում գրացված 1 նավահանգստային օֆշորից), Կանադան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան և այլն դրանով կզբաղվեին։ 2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց, արի ու տես, այս անշնորհակալ ժողովուրդն այդ աճը տեսնում է ու … արտագաղթում: Ընդ որում, արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Մարդիկ օր ու գիշեր թալանում են հանքերը, կոպեկներով վաճառում արտադրանքն իրենց օֆշորային գործընկերոջը, իսկ հետո այնտեղից վաճառում են իրական գներով։ Եվ նման տնտեսական աճը բնականաբար ժողովրդին չի հասնում, չնայած հենց նրա ունեցվածքն են թալանում ու վաճառում»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Բագրատյանը:
«Ազատություն» կուսակցության առաջնորդը նաև հայտնում է այլ ոլորտների օֆշորները վերացնելու անհրաժեշտության մասին՝ կարծիք հայտնելով, որ քրեապես պատժելի պետք է համարել, օրինակ, Շվեյցարիայում բանկային հաշիվ բացելը։