Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները, մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ: Այս մասին հայտնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից:
Փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:
«Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ, որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսին ասել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը:
Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ, իսկ ժապավենները կտրամադրվեն անվճար։
Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն կրում էր ձևական բնույթ:
Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ հաշվետվություններ չեն ներկայացնի:
Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:
Ավետիսյանի խոսքով՝ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման, իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու: