Ընդդիմության առաջնորդ, Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա է լինելու քաղաքացիական ֆորումի բոլոր նիստերին, սակայն իր տեսակետը կհայտնի՝ բոլոր առաջարկները լսելուց հետո: Այս մասին Հովհաննիսյանն ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:
«Պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, մեխանիզմների իրականացման ուղիները: Երբ առաջին 10 նիստը կայանա, դրանք կվերլուծեմ, կամփոփեմ», – ասել է Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր Ազատության հրապարակում լուսավոր կառավարության (Րաֆֆի Հովհաննիսյանը «ստվերային» բառը փոխարինել է «լուսավոր» բառով) բաց ֆորումը վարելու է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, երեքշաբթի՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, իսկ Հինգշաբթի՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես պատրաստ եմ ընդունել բոլոր առաջարկները: Այս շաբաթ մինչև հինգշաբթի կունենանք նիստեր, իսկ հաջորդ հինգշաբթի՝ 10 նիստից հետո, ես կամփոփեմ: Հիմա տեսակետ չեմ հայտնում, որովհետև սա գործընթաց է: Պետք է մարսել, որից հետո նոր տեսակետ հայտնել», – ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Ազատության հրապարակում անցկացվող ստորագրահավաքին՝ հայտարարելով, որ ստորագրահավաքն ինքը չի նախաձեռնել:
«Դա մեր համաքաղաքացիներն են արել: Ինձ ասում են, որ տասը հազարավոր մարդիկ արդեն ստորագրել են, մարզերում այդ թիվը կավելանա: Սա ապացուցում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները որևէ աղերս չունեն ժողովրդի իրական քվեի հետ», – ասել է «Ժառանգության» առաջնորդը:
Ինչ վերաբերում է ապրիլի 8-ին և 9-ին ծրագրվող տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես, մեկ միլիոնանոց երթ անցկացնելուն, ընդդիմության առաջնորդն ասել է, որ ինքը որևէ սահմանադրական նախաձեռնության դեմ կանգնել չի կարող, բայց ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին լինելու է Ազատության հրապարակում, սակայն ավելացրել է, որ դեռ կորոշեն, թե ապրիլի 9-ին որ հրապարակում են լինելու՝ Ազատության, Հանրապետության:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կայացած հանրահավաքին կրկին առաջարկել էր ապրիլի 9-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և անիմաստ դարձնել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ ցույց տալով, թե ով է ընտրված նախագահը:
Նույն հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ հաջորդ հանրահավաքներից մեկի ժամանակ իրենք կքննարկեն Փաշինյանի առաջարկը: