ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միջնորդ կամ սուրհանդակ չէ, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես նրան հստակ ասացի «VIP սրահում» (նկատի ունի վրանը – խմբ.), որ ես իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Աբրահամյանն առաջարկ բերող չէ ինձ համար», – ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն առաջարկներ կարող է ներկայացնել միայն Սերժ Սարգսյանը:
Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի այցը քաղաքավարության այց էր, բովանդակային զրույց չի եղել:
«Եթե դրանից ինչ-որ մեկը փորձում է բխեցնել միջնորդական առաքելություն, ես մերժում եմ», – ասել է նա:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ինքը խոստացել է այսուհետ մեկնաբանել միայն Սերժ Սարգսյանին ու Վեհափառին, սակայն նշել, որ էապես համաձայն չէ Աբրահամյանի հետ, քանի որ վերջինս գնահատականներ է տվել բովանդակային լուծումների մասին, որոնք մերժվել էին Սերժ Սարգսյանի կողմից:
«Ինքը գնահատական տվեց նաև իմ հաց չուտելու համար: Ոչ մեկը թող հռետորաբանություն չանի, այդ թվում՝ պարոն Աբրահամյանը: Նա կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու: Ու թող չասի, որ հաց չուտելը վերջնագիր է», – ասել է Րաֆֆի Հեվհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ Ազատության հրապարակ հնարավոր այցին, ապա Հովհաննիսյանն ասել է, որ նրան չի սպասում, ինչպես նաև չի սպասում առաջարկների:
«Ոչ մի առաջարկի չեմ սպասում, բայց եթե գա, սիրով կլսեմ»,- ասել է ընդդիմության առաջնորդը՝ նշելով, որ դրանք պետք է լինեն համապետական լուծումներ, որոնցում իրեն կտեսնի հաղթած մհայ ժողովուրդը: