Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ ինքը բնավ դառնացած չէ աշխարհից և բացարձակապես սով չի զգում:
«Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված՝ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության զորակցությամբ և վստահությամբ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի՝ երեկ հնչեցրած արտահայտությանը, թե՝ «գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»:
Ինչ վերաբերում է Սարգսյանի՝ Ազատութան հրապարակում 5 տարի առաջ և հիմա հավաքվող մարդկանց թվին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նրան առաջարկել է «չիջնել այդ երեք հազարների մեջ»:
«Կարծում եմ, որ չարժի այդքան իջնել 3000-ների մեջ: 5 տարի առաջ ընդդիմադիր հիմնական թեկնածուն 30 000-ից շատ ավելի ուներ, և մենք այս հրապարակում 3000-ից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում, թեև մեր չափանիշը թե քանակն է, թե որակը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընդդիմության առաջնորդը հարց է հնչեցրել՝ արդյոք Սերժ Սարգսյանն ուզում է, որ իրենք փաստեն, թե կարող են հավաքել ավելին:
«Եթե նա գտնում է, որ 30 հազարը տպավորիչ է, ինչն ինքը վերագրում է առաջին նախագահին, որը շատ ավելին էր հավաքել 5 տարի առաջ, թող սպասի ավելիին, բայց դա միակ գրավականը չէ», – ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդը ոչ միայն Ազատության հրապարակում է, այլ ամենուր:
«Անպայման չէ փաստենք մեր հաղթանակը: Մենք ամեն տեղ ենք: Ավտոբուս նստելիս, փողոցում զբոսնելիս, շրջաններում, համալսարաններում, ամենուր է հաղթանակը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: