ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ:
Թերթը նշում է, սակայն, որ տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում:
«Տաթև Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին:
«Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար և դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի», – գրում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ երեկ երևանյան փոխանակման կետերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչև 416 դրամի, իսկ անցած տարի այս օրերին դրամը արժևորման միտումներ էր դրսևորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ: