Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Ազատության հրապարակի և Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի մասին քննարկումներին:
Նա մեջբերում է քանդակագործ Վիգեն Ավետիսի՝ Medialab.am-ին տված հարցազրուցում ասված խոսքերը. «Մեկի համար այս պայքարը «մեյմունություն» է, մյուսի համար՝ սրտից բխող պայքար»:
Նեդոլյանը նշում է, որ հենց այդ արտահայտությունը մտածելու տեղիք է տվել, և հարց է հնչեցնում՝ «իսկ ինչպե՞ս վերաբերվենք ի վերջո, որ «մեկի» ու «մյուսի» կարծիքների պարզ հակադրում չլինի»:
«Կարծում եմ` իմաստային ու իրավական չափանիշներ պետք է կիրառենք լավը վատից տարբերելու համար: Հիմնական փաստը, որ ունենք, ժողովրդի քվեն է, այն ունեինք 2008-ին, ու նորից ունեցանք հիմա: Ուրեմն՝ 2008-ից սկսած, լեգիտիմ էր Լևոն Տեր-Պետրոսայնը, և օրինականության վերականգման համար ձևավորված ու պայքարող ՀԱԿ-ը, լեգիտիմ է հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ստեղծվելիք հրապարակային շարժումը: Հիմնական խնդիրն է, անվանեմ դա թյուրիմացություն, որ Րաֆֆին ակնհայտորեն չի ուզում ընդունել Լևոնի ու ՀԱԿ-ի լեգիտիմությունը, անընդհատ հակադրում է իր շարժումը նախորդին` չհասկանալով, որ նույն քաղաքացիներն են, նույն ընտրողներն են, նույն պատճառաբանությ…ամբ են դուրս գալիս հրապարակ և՛ 2003-ին, և՛ 2008-ին, և՛ 2013-ին. իրեն թվում է, որ սա «նոր» շարժում է, որն ինքն է հրահրել:
ՀԱԿ-ը, թեև Լևոն Տեր-Պետրոսայնի շուրթերով ընդունեց Րաֆֆիի լեգիտիմությունը, սակայն դրանից անհրաժեշտ, իմ կարծիքով, հետևանք չի անում, որը կլիներ՝ դուրս գալ հրապարակ և միանալ լեգիտիմ շարժմանը: Էլ ի՞նչ գին ունի լեգիտիմության ընդունումը, միայն խոսքե՞ր է դառնում: Րաֆֆին հակադրո՞ւմ է՝ չընդունելով ՀԱԿ-ի լեգիտիմությո՞ւնը: Հսկայական ալիք բարձրացնել դրա դեմ, մի հսկայական սկանդալ, չասել ֆատալիստաբար՝ դե, հրապարակը իրենն է, ինչ ուզում ա թող անի: Ոչ, հրապարակը իրենը չէ, հրապարակը, ինչպես և իշխանությունը երկրում, պատկանում է մեզ, քաղաքացիներիս, իսկ իրեն, ինչպես և Լևոնին, մենք ընտրել ենք նախագահ, որպեսզի հետո աշխատավարձ վճարենք, որ մեր կամքը իրագործի: Եզրափակելով՝ սրտից, ինչպես նաև սահմանադրությունից և իրավունքից բխողն է այս ամենում՝ պաշտպանել ժողովրդի քվեն, իրավունքն ու լեգիտիմ ընտրայալին, մեյմունությունն է՝ այդ լեգիտիմությունն չընդունելը, թե Րաֆֆի կողմից, թե ցանկացած ուրիշի», – գրել է Արա Նեդոլյանը: