ՀՀԿ առաջնորդ, պաշտոնական տվյալներով ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել. իր պաշտոնում կմնա նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
«Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունն ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռևս այդ հարցը չկա: Թե ինչպիսի փոփոխություն կլինի, դա նախագահի մենաշնորհն է, և, չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք»,- այս առնչությամբ թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդն է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: