«2008 թվականին բոլորովին այլ իրավիճակ էր». այսպես է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը պատասխանել «Հայկական ժամանակ» թերթի հարցին՝ ի՞նչը ստիպեց նրան ելույթ ունենալ Ազատության հրապարակում, քանի որ 2008-ին ինքն անձամբ էր վերահսկում, որ ուսանողները չմասնակցեն հանրահավաքներին:
«Ինչո՞ւ եմ ես ուսանողներին անձամբ վերահսկել և այլն, դա սուտ է», – ասել է Զոլյանն ու հավելել, որ ինքը միշտ բացասաբար է վերաբերվել դասադուլներին:
«Երբ որ ի պաշտպանություն ինձ՝ ուսանողներն ուզում էին դասադուլ անել, ես ինքս համոզեցի, որ դասադուլ չանեն: Այսինքն՝ ուսանողն ինչ ուզում է՝ թող անի, բայց դասերից հետո: Դա իմ տեսակետն է: Հիմա էլ դասադուլին կողմ չեմ: Այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում և ես հրապարակում դասադուլի կոչ չեմ արել: Սա մեկ: Երկրորդը՝ ես կխնդրեմ, որ ուշադրություն դարձնեք այն խոսքերին, թե ես ինչ եմ ասել, որ գոյություն ունի իրավունք՝ քաղաքացու և մարդու օրինական իշխանություն ունենալու, և ես պաշտպանում եմ այդ իրավունքը: Եվ իմ, և համընդհանուր իրավունքը», – ասել է Զոլյանը:
Հարցին՝ եթե ռեկտոր լիներ, այսօր կգնա՞ր հրապարակ, նախկին ռեկտորը պատասխանել է. «Եթե-ներով չխոսենք: Փաստն այն է, որ ես ինձ համարում եմ ռեկտոր, ուղղակի՝ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող: Մարտի 21-ին հերթական դատական նիստն է»:
Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը ռեկտորի պաշտոնից հեռացվել էր 2012 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից երկու նկատողություն ստանալու հետևանքով: Աշոտյանի որոշումը Զոլյանը վիճարկում է դատարանում:
Ազատության հրապարակում նա ելույթ է ունեցել մարտի 15-ին: