«Էմփիռեյ» ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ երբ կազմակերպիչներն իրենց տեղեկացրել են, թե Ազատության հրապարակում յուրաքանչյուր շաբաթ անցկացվելու է ռոք փառատոն, իրենք սիրով ընդունել են հրավերը՝ կարծելով, որ փառատոնի ձևաչափում կլինեն նաև այլ ռոք խմբեր, հետո պարզվել է, որ երկրորդ խումբ այդ օրը չի լինելու:
«Երկրորդ խմբի բացակայության դեպքում մենք արդեն խնդիր ունեինք երկու ժամանոց ծրագիր նվագելու, իսկ մենք մոտավորապես 3-4 ամիս է՝ փորձ չենք արել: Իսկ ով մեզ լավ է ճանաչում, գիտի, որ Էմփիռեյը «պրոստո տակ» բեմ դուրս եկող խմբերից չենք: Մինչև համերգ 2-3 օր էր մնացել, հնարավոր չէր հասցնել 20-22 գործ բերել էն տեսքի: Դրա համար որոշում կայացվեց, որ ոււղղակի համերգը չկայանա», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սարգիս Մանուկյանը:
Սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքները, թե Էփմիռեյն այս համերգից հրաժարվել է, որպեսզի հետագայում համերգի համար դահլիճ վարձակալելու խնդիր չունենա, Սարգիսը որակել է «պարապ մարդու բամբասանք» ու ասել, որ իրենք խեղճացող չեն:
Հարցին, թե գուցե վտանգ են տեսնում, թե կարող են կորցնել ՀՀ վարչապետի պես ունկնդրի, ով գրեթե միշտ ներկա է լինում խմբի համերգներին, Սարգիս Մանուկյանն արձագանքել է. «Դա խոսում է նրա մասին, որ մեր երաժշտությունը քաղաքական հայացքներ չի ճանաչում: Թե վարչապետն է ներկա եղել, թե ընդդիմադիր քաղաքական գործիչներ»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ասել է, որ չի հավատում, թե Էմփիռեյը համերգից հրաժարվել է զուտ տեխնիկանան պատճառով:
«Եթե Սարգիսը նախնական համաձայնություն էր տվել, ուրեմն որևէ բան պետք է չխոչընդոտեր: Այս պահին, եթե իրենց խմբում կան մարդիկ, որ չեն ուզում իրենց համար խնդիրներ առաջանա, Սարգիսը՝ որպես սիմվոլ այդ խմբի, պետք է գար, վերցներ կիթառն ու ներկա լիներ այնտեղ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սանասարյանը:
Լուսանկարը՝ empyray.am