Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր հանդիպել է ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելիի հետ և քննարկել փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում վերջինիս հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը:
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ ասված է, որ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել այդ գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին:
«Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նարինե Էսմայելին նախագահական ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անունից: Նշված տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, որով Նարինե Էսմայելին հանդես է գալիս որպես վկա:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն այսօր հայտնել է, որ դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսևորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:
«2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմայելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության և օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմայելիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի և գործով քննիչ Հովակիմյանի միջև: Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում վկայի հարցաքննության ժամանակ ձայնագրառում կատարելը, այդուհանդերձ քննիչը թույլ չի տվել փաստաբանին ձայնագրելու առերեսումը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով բարձրաձայն գոռգոռալով, վկայի և նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել և կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան: Այնուհետև, չսպասելով իր կարգադրության կատարմանը, Տիգրան Եգորյանի ձեռքից կոպտորեն խլել է ձայնագրիչը և նետել պահարանի մեջ: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընթացում ինչ-որ մեկը հաջողացրել է ջնջել ձայնագրությունը», – նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ: