Այսօր ժամը 14:50-ի սահմաններում քաղաքացի Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք։ Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախզության հաղորդագրության մեջ:
«Նա իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիև քաղաքացու տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց», – նշում են հաղորդագրության հեղինակները:
25-ամյա Վրեժ Գալստյանը Մասիս քաղաքի բնակիչ է։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։ Նա տեղափոխվել է 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), կատարվում է քննություն։