Home / Հայաստան / Աշխատանքից ազատված ՀՀ ԶՈՒ գեներալ-մայորը կարող է ԼՂՀ ոստիկանապետ նշանակվել

Աշխատանքից ազատված ՀՀ ԶՈՒ գեներալ-մայորը կարող է ԼՂՀ ոստիկանապետ նշանակվել

Գալիք օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ կնշանակվի գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին:

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից:

«Դեռևս նման հրամանագիր չկա, եթե նման բան լինի, մենք պետք է տարածենք: Իսկ մենք դեռևս այդպիսի բան չենք տարածել», – ասել է Բաբայանը:

Թերթի աղբյուրները, այնուամենայնիվ, վստահեցնում են, որ ԼՂՀ նախագահի կողմից այդ նշանակումը շուտով կարվի: