Home / Հայաստան / Լրագրողը հետևել է Սերժ Սարգսյանի հորդորին. ՀՀԿ-ական պատգամավորը հայհոյել է

Լրագրողը հետևել է Սերժ Սարգսյանի հորդորին. ՀՀԿ-ական պատգամավորը հայհոյել է

Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրանտ Գևորգյանը երեկ ԱԺ-ում հայհոյել է «Հրապարակ» օրաթերթի լրագրողին: Թերթը նշում է, որ թղթակիցը ցանկացել է զրուցել գործարար պատգամավորի հետ՝ հետևելով Սերժ Սարգսյանի կողմից վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հետևյալ հորդորին.

«Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք»:

Այսօրվա համարում թերթը ներկայացնում է Հրանտ Գրիգորյան հետ իր զրույցի փորձը:

«-Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, և Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում:

-Լավ ե՞ք, դե լավ ըլնենք:

-Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը: Հիմա խնդրում եմ ինքներդ առաջարկեք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել:

– (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում ԱԺ միջանցքով և անընդհատ ձեռքով հետ հրում – հեղ.): Ասեցի՝ լավ մնա..

-Պարոն Գրիգորյան, վատ հարց եմ տալիս , ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին:

Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձանյագրիչը, բայց արդյունքի չհասնելով, արագ մտնում է ԱԺ պետքարան: Քիչ անց դուրս է գալիս..

Պարոն Գրիգորյան, մեզ՝  նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչ-որ լուրջ հարցի շուրջ խոսել, ես կփորձեմ ինքս տալ հարցեր:

-Ամուսնացած եք, քանի՞ երեխա ունեք.. Դե, աստված տա ունենաք… (դեմքը ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը – հեղ.):

-Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան:

-Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…

Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների մեջ է, Ազատության հրապարակումւ ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծարահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից և պայքարից: Դուք, որպես այս երկրի և իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը:

-Անջատի, հավես չունեմ:

-Դուք պատգամավոր եք, հանրային դեմք՝ խոսելը հավեսով չէ:

-Շատ ես խոսում, շատ-շատ:

-Հարցիս կպատասխանե՞ք:

– (Լռում է ու աչքերը ոլորտում վրաս – հեղ.), անլուրջ հարցեր եք տալիս:

Չե՞ք  տիրապետում իրավիճակին:

-Դուք տիրապետո՞ւմ եք… անուշ լինի:

-Պարոն Գրիգորյան, շատ դժվար հարց չէ, եթե կարծիք չունեք, ասեք, որ չունեք:

-Երբ որ հարկ լինի՝ կներկայացնենք: Ի՞նչ եք ուզում լսել, ես հանգիստ եմ ելքը պատկերացնում:

-Ձեր կարծիքով, ընդդիմությունը նույնիսկ նման ծայրահեղ պայքարում ոչինչի չի կարող հասնել, զո՞ւր է պայքարում:

-Ես ըտենց բան ասեցի՞, այսինքն, ինչի՞ պիտի հասներ որ: Հանգիստ գնում ա վիճակը, ինչի՞ ես խառնվել իրար: Հավաքվել՝ հավաքվել են (նկատի ունի Ազատության հրապարակում) դե, ամեն տեղ վթար ա լինում, մի տեղ՝ հրդեհ, մարդիկ հավաքվում են, մի տեղ՝ մի բան:

Ազատության հրապարակում հավաքվածները համարում են, որ ընտրությունները կեղծվել են: Քաղաքացիների մի մեծ խումբ սպառնում է քաղաքացիական անհնազանդության դիմել, դա չի՞ մտահոգում Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի:

-Ես գուշակ չեմ, որ եթե-ներով բան խոսամ: Ի՞նչ ես ուզում, ինչ-որ բանի՞ ես սպասում, ջահել աղիկ ես, ամոթ ա: Հետո՝ ինձ հարմար ա՞, որ հարցերը տաս, դու ի՞նչ գիտես ես ինչ տրամադրություն ունեմ հիմա:

-Առաջարկում եք հարցազրույցից առաջ թեստով Ձեր տրամադրությունը ստուգենք, նո՞ր:

Թերթը նշում է, որ այս խոսքերից հետո պատգամավորը մի քանի անգամ հորդորել է անջատել ձայնագրիչը, ապա դիմել է հայհոյանքների, որոնք, ըստ թերթի, տպագրության ենթակա չեն: Պատգամավորը նաև փորձել է արդարանալ, որ ինքն անտրամադիր է և «հեչ հավես չունի պատասխանելու հարցերին»»:

«Հրապարակ»-ը նշում է, որ զուգարանից դուրս գալուց հետո, հարցերին անդրադառնալու խնդրանքին ի պատասխան՝ Գրիգորյանը հայհոյել է ու ասել. «Բ…-ի տղա լինեմ, եթե կես ժամից մորս կոտրած թևով չեն բերելու հիվանդանոց»:

«Իսկ մենք հանդգնել էին չիմանալ այդ մասին և ինչ-որ հարցերով խաթարել նրա անդորրը», – գրում է թերթը: