Home / Հայաստան / Որ դեպքում ընդդիմությունը կհաղթի Երևանի ընտրություններում. կարծիք

Որ դեպքում ընդդիմությունը կհաղթի Երևանի ընտրություններում. կարծիք

Քաղաքական ուժերի՝ Երևանի ավագանու ընտրություններին լուրջ տրամադրվելը պայմանավորված է նրանով, որ հիմա ընդդիմությունը ակտիվ գործընթացների մեջ է և Հրապարակում թելադրող է, ինչը հույս է տալիս իշխանության մեջ չգտնվող քաղաքական ուժերին, որ ավագանու ընտրություններին իրենք ավելի մեծ շանսեր են ունենալու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Ես նաև կարծում եմ, որ ավագանու ընտրություններին ընդդիմության հաղթանակը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ընդհանուր Բարևահեղափոխությունը լուրջ հաջողություններ գրանցի մոտակա ամսվա ընթացքում: Դրա համար պետք է, որ բոլորը համագործակցեն հենց հիմա, համապետական մակարդակում»,- ասել է Վարդանյանը:

Անդրադառնալով արդեն հրապարակված ընտրական ցուցակների որակին՝ քաղաքագետը մեկնաբանել է դրանց կազմը այն բանով, որ ուժերը փորձում են  ստեղծագործ մոտեցում ցուցաբերել այս ընտրություններում:

Վարդանյանը հիշեցրել է, որ, մասնավորապես, «Ժառանգությունը» փաստորեն որպես «Ժառանգություն» չի հանդես գալիս, այլ որպես Բարևահեղափոխության համախոհ տարբեր քաղաքական և քաղաքացիական ուժերի դաշինք, ՀԱԿ-ն էլ նոր միավոր է:

«ՀԱԿ-ը ռեբռենդինգ է անում, երիտասարդ կազմ է ներկայացնում և փորձում է իր տեղը չկորցնել քաղաքական դաշտում», – ասել է Էդգար Վարդանյանը:

«Պետք է նշել, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն այդպես էլ չբացատրեցին թե ինչու չմասնակցելով նախագահական ընտրություններին, հիմա մասնակցում են ավագանու ընտրություններին»,-հավելել է Վարդանյանը: