Լևոն Արոնյանը և Մագնուս Կառլսենը շարունակում են փայլուն ելույթ ունենալ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Մարտի 21-ին կայացած 6-րդ տուրից հետո պարզ դարձավ, որ այսուհետ մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն միայն հայաստանցին և նորվեգացին, ովքեր այս պահի դրությամբ իրենց խաղով ակնհայտորեն ուժեղ են բոլոր մրցակիցներից:
Կառլսենն իր բարձր կարգն ապացուցեց սևերով արդեն 36-րդ քայլին հաղթանակ տանելով ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այդ պահին նույնպես սև ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանը հավասար դիրք ուներ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում: Կառլսենի հաղթանակը հաշվի առնելով՝ Արոնյանը այլ ելք չուներ, քան պայքարել միայն 1 միավորի համար: Հայաստանցի գրոսմայստերը փայլուն կերպով լուծեց իր խնդիրը. անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա՝ նա ստիպեց վերջինիս սխալվել: Ռաջաբովը հանձնվեց 54-րդ քայլին, և հայաստանցին միավորներով կրկին հավասարվեց Կառլսենին:
6 տուրից հետո երկու առաջատարներն ունեն 4,5-ական միավոր: Նրանցից 1,5-ական միավոր հետ են մնում ռուսաստանցիներ Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, 2,5-ական միավոր են վաստակել Ռաջաբովն ու ևս մեկ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, 2-ական միավոր՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և իսրայելցի Բորիս Գելֆանդը:
Մարտի 22-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մարտի 23-ին Արոնյանը սպիտակներով խաղում է Գրիշչուկի, Կառլսենը՝ Ռաջաբովի հետ: