Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ուշադրության կենտրոնում են հայաստանցի Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Երեկ կայացած 7-րդ տուրում երկուսն էլ սպիտակներով ոչ-ոքիներ խաղացին. Լևոնը՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Մագնուսը՝ նույնպես սպիտակ ֆիգուրներով Թեյմուր Ռաջաբովի հետ:
8-րդ տուրում առաջատարները հանդիպեցին միմյանց: Հայաստանցին սևերով էր խաղում, սակայն դա մրցակցին առավելություն չտվեց. 4 պարտիաներից ամենարագը հենց առաջատարներինը ավարտվեց: Գրոսմայստերները 41 քայլ արեցին և համաձայնեցին կիսել միավորը:
3-րդ տեղը բաժանող ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի և Վլադիմիր Կրամնիկի պայքարում վերջինս ավելի ուժեղ էր: Հաղթանակը հնարավորություն տվեց Կրամնիկին կրճատել տարբերությունը Արոնյանից և Կառլսենից:
8-րդ տուրից հետո Կառլսենն ու Արոնյանը 5,5-ական միավոր ունեն, Կրամնիկը՝ 4,5: 4 միավոր է վաստակել Ալեքսանդր Գրիշչուկը, ով այսօր հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, 3,5-ական միավոր ունեն Սվիդլերը և իսրայելցի Բորիս Գելֆանդը, ով 8-րդ տուրում սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Վերջինս 3 միավորով նախավերջինն է, իսկ վերջինը Իվանչուկն է՝ 2,5 միավոր:
Վաղը Արոնյանը սևերով խաղում է Գելֆանդի հետ, իսկ Կառլսենը նույնպես սևերով՝ Կրամնիկի: