«Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) անդամ Աննա Ուզունյանին խնդրել են ազատման դիմում գրել և դուրս գալ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գրադարանավարուհու աշխատանքից այն բանից հետո, երբ նա ընդգրկվել է «Բարև Երևան» դաշինքի ցուցակում՝ 18-րդ տեղում:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը:
«Սա ճղճիմ կոմսոմոլներին բնորոշ քաղաքականություն է՝ միակուսակցական համակարգ ստեղծելուն ուղղված: Չեն էլ պատճառաբանել՝ ինչու են գործից հանում, ասել են՝ քաղաքապետարանից եկած հրահանգ է»,- ասել է Գասպարյանը:
Բանախոսը նշել է նաև, որ չի կարծում, որ նման էժանագին միջոցներով հնարավոր է երևանցիների քվեն ստանալ: «Ես ամեն ինչ կանեմ, որ Զեյթունում ՀՀԿ-ն ամենաքիչ ձայնը ստանա»,- ասել է Գասպարյանը: