Իշխանությունների հետ բանակցելուց Րաֆֆի Հովհաննիսյանը և իր շարժումը պետք է հաշվի առնեն Հայ Ազգային Կոնգրեսի փորձը, որը սկսեց կորցնել իր ընտրազանգվածը 2011 թվականից, երբ համաձայնեց երկխոսել իշխանության հետ: Այս մասին այսօր՝ Քաղաքացիական խորհրդի հերթական քննարկման ժամանակ ասել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Մեր կուսակցությունը վերապահումով էր վերաբերվում ՀԱԿ-ի վարած քաղաքականությանը վերջին 2 տարիների ընթացքում: Այժմ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է երկխոսության գնալ, ժողովուրդը պետք է լինի թելադրողը»,- ասել է Մակեյանը:
Նա հիշեցրել է, որ ժողովուրդը առաջին քայլն արդեն արել է փետրվարի 18-ին՝ ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, և վերջինիս ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ՝ օրինակ հացադուլի և մարզային այցերի, հաջողվել է իշխանությանը բարդ իրավիճակի մեջ դնել, քանի որ հետընտրական զարգացումներն այս անգամ չեն դադարել ընտրություններից 10 օր հետո, այլ շարունակվում են:
Եթե երկխոսությունը ցանկալի արդյունք չտա, ապա, Մակեյանի խոսքով, պետք է ապրիլի 9-ը դարձնել համազգային ըմբոստության օր: Այս առաջարկը ծափահարություններով և վանկարկումներով ողջունվել է հավաքվածների կողմից:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Մակեյանն ասել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցում է այդ ընտրություններին «Բարև Հայաստան» դաշինքի կազամում: Հարցին, թե ինչու ԺՀԿ-ն չի սատարում իր պայքարի ընկեր ՀԱԿ-ին, որը այս ընտրություններին ևս մասնակցում է, Մակեյանը պատասխանել է, որ նման որոշումը բարդ է տրվել, քանի որ ՀԱԿ-ի հետ իրենք անցել են դժոխքի միջով՝ 5 տարիների պայքարի ընթացքում: Սակայն Մակեյանը հիշեցրել է, որ ստեղծվել է ՀԱԿ կուսակցությունը, որն էլ մասնակցում է քաղաքային ընտրություններին, իսկ դաշինքի կուսակցությունները դուրս են մնացել: Մակեյանն ասել է, որ խնդիր չի տեսնում համագործակցելու ՀԱԿ-ի հետ, եթե նրանք գան Ազատության հրապարակ և լինեն ժողովրդի կողքին: