Ըստ նախնական հաշվարկների՝ 2012 թվականի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար քաղաքացիների վճարած տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ դրամից, 2011 թ. 4.6 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն ոստիկանությունը անցած տարվա համեմատ 32 տոկոսով ավելի շատ գումար է «վաստակել», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Բայց այդ գումարի մի զգալի մասը կրկնակի վճարված` «քցված» գումարներն են», – նշում է թերթը:
«ՀԺ»-ի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը ներկայացնում է գումարների կուտակման մեխանիզմը: Նա նշում է, որ ոստիկանությունը խախտման համար վճարված տուգանքը չի արձանագրում, ու ժամանակի ընթացքում այդ գումարը բազմապատկվում է:
«Ստանալով խախտման մասին արձանագրությունը՝ վարորդները օրենքով սահմանված ժամկետում կատարում են վճարումը: Սակայն անցնում է մեկ-մեկուկես տարի, հանկարծ ստանում են ծանուցագիր այն մասին, որ վճարումը կատարված չէ և գումարը բազմապատկվել է:
Իհարկե, տեսականորեն հնարավոր է վերցնել տուգանքի վճարումը հավաստող բանկային անդորրագիրը, գնալ ոստիկանություն ու նոր բազմապատկված տուգանքը վերացնել: Բայց դա միայն տեսականորեն: Դժվար թե քաղաքացիների մեծամասնությունը մեկուկես տարի պահի այդ փոքր անդորրագիրը: Կորած անդորրագիրը կարելի է վերականգնել բանկերի միջոցով, որտեղից կատարվել է վճարումը: Բայց պետք է նախ հիշել, թե որ բանկի որ մասնաճյուղում է կատարված վճարումը, հետո վճարել բանկին լրացուցիչ ծառայության համար ևս 1500 դրամ, որպեսզի ձեզ տեղեկանք տան, որ այս ինչ օրը, այսքան գումար եք վճարել, այսինչ հաշվին: Մի խոսքով, ավելորդ ժամանակ չծախսելու համար շատերը գնում ու նորից են վճարում, և նրանց միայն մի մասն է դիմում դատարան: Դա էլ իր ծախսերն ունի, գնալ գալ, ժամանակ ծախսել: Եվ թե որքան է կազմում այս ձևով ոստիկանության «քցած» գումարը, հայտնի չէ», – նշում է Գևորգյանը:
Հոդվածագիրը նշում է, որ լինում են նաև ավելի սահմռկեցուցիչ իրավիճակներ: Ոստիկանությունը ձևացնելով, թե չի ստացել քաղաքացու վճարած տուգանքը, կալանք է դնում հաշիվների վրա, և այդ մասին քաղաքացին իմանում է միայն մի քանի օր անց: Մինչև անդորրագիրը գտնելը կամ բանկի միջոցով վերականգնելը, քաղաքացին ստիպված է լինում կրկին վճարել տուգանքը, վերացնել հաշիվների վրա դրված կալանքը և հետո միայն դիմել դատարան, եթե այդքանից հետո, իհարկե, հավես է ունենում:
«Դատարան դիմելու հետ կապված էլ խնդիրներ կան: Փաստաբաններից շատերը խուսափում են նման գործերով պաշտպանել քաղաքացու շահերը, քանի որ համոզված են՝ դատարանները լավագույն դեպքում կստիպեն ոստիկանությանը վերադարձնել «սխալմամբ» գանձված տուգանքը, ու երբեք չեն բավարարի քաղաքացու պահանջը՝ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, իսկ բարոյական վնասի փոխհատուցման մասին խոսելն ավելորդ է: Եվ դատարանների նման պահվածքը, փաստաբանների համոզմամբ, քաղաքական որոշման արդյունք է՝ «ոստիկանությանը նեղացնել չի կարելի» թեմայով…
… Մի խոսքով, կարելի է լուրջ կասկածներ հայտնել, որ քաղաքացիների վճարած տուգանքները «չհայտնաբերելը» ամենևին էլ պատահականություն չէ: Ոստիկանությունը զբաղված է բիզնեսով՝ փող է հավաքում: Եվ այն պնդումները, թե տեսախցիկների առկայությունը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, անտեղի են», – հավելում է Հայկ Գևորգյանը: