2012-ին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը աշխարհի 165 պետությունների շարքում 114-րդ տեղում էր: Այս մասին ասված է լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածի հեղինակների կողմից պատրաստած զեկույցում: Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը նույն զեկույցում 111-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:
Ինչպես նշում է azatutyun.am կայքը, զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանը ինչպես և նախորդ տարիներին, այսօր էլ «հիբրիդային պետությունների» թվում է՝ ժողովրդավարության մակարդակով գտնվելով մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Նեպալը, Իրաքը կամ Հայիթին:
«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները պետությունների ժողովրդավարության մակարդակը գնահատում են 10 բալանոց սանդղակով: Բրիտանացի վերլուծաբանների հաշվարկի համաձայն, Հայաստանի արձանագրված միջին ցուցանիշը 2008 թվականից ի վեր չի փոխվել. այն կազմում է 4.09 միավոր:
Ամենածր ցուցանիշները քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակին են վերաբերում: Այս ցուցանիշով, ըստ «Էկոնոմիստ»-ի մասնագետների, Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ՝ ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Փոխարենը այս նույն ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որտեղ քաղաքական մշակույթի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Հարավային Կովկասում կամ Ուկրաինայում: Ցածր են նաև Հայաստանում արձանագրված ցուցանիշները կառավարման արդյունավետության մակարդակի առումով:
Ինչ վերաբերում է ընտրական պրոցեսներին, ապա դրանք արժանացել են բրիտանացի վերլուծաբանների ընդամենը 4.33 գնահատականին՝ տասը հնարավորից:
«Հայաստանի նման արդյունքը համադրելի է Սինգապուրի, Իրաքի կամ Լիբիայի արձանագրած ցուցանիշների հետ», – «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է հատված «Էկոնոմիստ»-ի մասնագետների հրապարակած զեկույցից:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, միակ ոլորտը, որտեղ Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ բարվոք է, քաղաքացիական ազատությունները մակարդակն է, որը զեկույցի հեղինակների կողմից գնահատվում է 6 միավորից փոքր ինչ պակաս: Սա համադրելի է ասենք Վենեսուելայում քաղաքացիական ազատությունների մասկարդակի հետ:
Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Վրաստանը այս տարի զգալի առաջընթաց է արձանարգել՝ 2011 թվականի 102-րդ տեղից տեղափոխվելով 93-րդ հորիզոնականը: Նման ցատկի գլխավոր պատճառը վրացական ընդդիմության հաղթանակն էր նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Չնայած այս առաջընթացին` Վրաստանը, Հայաստանի հետ մեկտեղ, շարունակում է մնալ «հիբրիդային պետությունների» խմբում:
Մեր մյուս հարևան պետությունը՝ Ադրբեջանը, ավտորիտար վարչակազմ ունեցող պետությունների խմբում է: Ադրբեջանն արձանագրած գրեթե բոլոր ցուցանիշներով զիջում է հարևան երկրներին:
Ավտորիտար պետությունների խմբին է դասվել նաև Ռուսաստանը: