2014 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը երկու թիմերի համար էլ կարևորագույն նշանակություն ուներ: Պարտվողն այլևս ուղեգրի համար պայքարելու միայն տեսական հնարավորություններ կպահպաներ:
Երկու թիմերն էլ լուրջ խնդիրներ ունեին. չեխերը խաղային ճգնաժամ էին ապրում 4 օր առաջ սեփական հարկի տակ կայացած Դանիայի հետ հանդիպման ժամանակ, իսկ Հայաստանի հավաքականի խնդիրները կադրային բնույթ էին կրում: Դրանք անգամ խնդիրներ չէին, այլ տարերային աղետի նման մի բան, որոնք մինչև վերջին օրերը թափվում էին մարչական շտաբի գլխին: Դեռևս անցյալ տարի պարզ էր, որ Չեխիայի հետ հանդիպմանը չեն մասնակցելու հիմնական կազմի 4 ֆուտբոլիստներ. Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Հրայր Մկոյանը որակազրկված էին, իսկ Լևոն Հայրապետյանը վնասվածք ուներ: Չեխիայի խաղից տասը օր առաջ վնասվածք ստացավ հիանալի մարզավիճակում գտնվող Արաս Օզբիլիսը: Բացի դա, վերջին խաղերում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում չէր խաղում և վատ մարզավիճակում էր գտնվում Գևորգ Ղազարյանը: Սրանք արդարացումներ չեն 0:3 հաշվով կրած պարտության համար, այլ պարզապես փաստերի արձանագրում: Անգամ խաղային վատ վիճակում գտնվող Չեխիայի ընտրանու դեմ դժվար էր խաղալ կես կազմով, այն դեպքում, երբ մրցակցի մարզիչը կարողացել էր հավաքել իր թիմի բոլոր ուժեղագույն խաղացողներին:
Եվ անգամ այդ պարագայում առաջին խաղակեսն անցավ Հայաստանի հավաքականի ոչ մեծ, բայց առավելությամբ: Դաշտի տերերը մի քանի անգամ սրեցին իրավիճակը Պետր Չեխի դարպասի մոտ, և դրվագներից մեկում Յուրա Մովսիսյանը կարողացավ տուգանային հրապարակում գնդակ ստանալ, շրջվել ու մոտ տարածությունից հարված կատարել, սակայն Չեխը հիանալի ռեակցիա դրսևորեց և հետ մղեց գնդակը: Քիչ անց նա վստահ խաղաց Մարկոսի մոտ 20 մետրից կատարած հարվածից հետո, երբ չփորձեց որսալ գնդակը, այլ բռունցքներով հետ մղեց այն: Մրցակիցը պատասխանեց խաղակեսի վերջում, բայց մեր թիմի դարպասն էլ փրկեց Ռոման Բերեզովսկին: Այնուամենայնիվ, ընդմիջմանը տպավորություն կար, որ Հայաստանի հավաքականը դեռևս կարող է ավելացնել՝ հաշվի առնելով, որ պահեստայինների նստարանին էին Արաս Օզբիլիսը, ով թեև վնասվածքից հետո մեկ-երկու մարզում էր անցկացրել, բայց հայտավորվել էր, և Արթուր Սարկիսովը:
Իհարկե, երևում էին նաև Հայաստանի հավաքականի օբյեկտիվ պատճառներից բխող խնդիրները: Առաջին կեսում մեր թիմը մրցակցին թույլ չտվեց ազատ գործել դաշտի կենտրոնում, որտեղ խաղում էին Հենրիխ Մխիթարյանն ու երիտասարդ Կարեն Մուրադյանը, սակայն առջևում նույն Մխիթարյանի բացակայության պատճառով նվազել էր սրությունը: Հենրիխը միայն մեկ անգամ կարողացավ առաջ շարժվել ու սրել խաղը. նա կենտրոնում երկու ֆուտբոլիստի հսկողությունից ազատվեց ու հարվածի դուրս բերեց Յուրա Մովսիսյանին, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակը, որը չկար: Հայաստանցի հարձակվողն ամեն դեպքում հարվածեց, սակայն Պետր Չեխը հետ մղեց գնդակը:
Խաղն ավարտվեց երկրորդ խաղակեսի սկզբում: Կարելի էր կանխատեսել, որ հաղթելու է նա, ով առաջինն է հաջողության հասնելու, քանի որ սուր պահերը երկու դարպասների մոտ շատ չէին, իսկ թիմերից մեկի փակվելու դեպքում դրանց թիվն էլ ավելի էր նվազելու:
Առաջինը հաջողության հասան հյուրերը: Էդգար Մանուչարյանը պարզ իրավիճակում դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, չեխերն այն տեղափոխեցին հարձակման աջ եզր, հետևեց փոխանցում տուգանային հրապարակ, որտեղ առանց հսկողության մնացած 20-ամյա Մացեյ Վիդրան գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի անկյունը: Ավելի «չեխական գոլ» դժվար էր պատկերացնել:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անմիջապես միջամտեց խաղին. դաշտ դուրս բերեց նախ Օզբիլիսին, ապա Սարկիսովին, որոնք, սակայն, չկարողացան ուժեղացնել հարձակումը: Արասի դեպքում պատճառը դարձյալ օբյեկտիվ բնույթ ուներ, եզրային կիսապաշտպանը պարզապես չէր հասցրել վերականգնվել վնասվածքից հետո: Չեխերը հարկ եղած դեպքում ամբողջ թիմով պաշտպանվում էին. մեր ֆուտբոլիստները փորձում էին դիմել հեռահար հարվածների, սակայն դրանք շեղ էին ստացվում: Հանդիպման վերջին 10 րոպեներին էլ մրցակիցը երկու անգամ օգտվեց պաշտպանությունում առկա բացերից. գոլերի հեղինակներ դարձան նույն Վիդրան և Դանիել Կոլարժը:
Խոշոր հաշվով Հայաստանի հավաքականի համար Աշխարհի գավաթի ընտրական փուլը կարելի է ավարտված համարել: Դրական արդյունքի հասնելու անհնարինության առումով ավարտվում է մի մրցաշար, որի ընթացքում կայացած 4 խաղերից և ոչ մեկում Հայաստանի ընտրանին իր հիմնական կազմով չի խաղացել՝ ուրվագծելով կարևորագույն խնդիրներից մեկը՝ կարճ պահեստայինների նստարանը:
Այժմ միայն իրադարձությունների անհավանական զարգացման դեպքում հայաստանցիները հնարավորություն կստանան պայքարել Բրազիլիայի ուղեգրի համար: