Պաշտոնի չարաշահման և մեկ միլիոն դրամ շորթելու կասկածանքով Երևանի Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին ԱԱԾ կանչելը վկայում է այն մասին, որ այդ հիմնարկը ոչ թե ազգային անվնատնության ծառայություն է, այլ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ծառայությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ինքը՝ նախկին ռեկտորը:
Զոլյանը հիշեցրել է, որ անցյալ տարի դեռ կատակով զգուշացնում էր, որ մարդիկ չպետք է զարմանան, եթե իր գրպանում թմրանյութ հայտնաբերվի:
Բանախոսը նաև նշել է, որ երկիրն այն վիճակում չէ, որ մեկ միլիոն դրամի կորուստն ազգային անվտանգությանը սպառնար, ուստի նույնիսկ եթե հունվարի 13-ից 23-ի ստուգումների ընթացքում ԵՊԼՀ-ում չարաշահումներ են հայտնաբերվել, նախարարությունը պետք է դիմեր դատարան, ոչ թե ԱԱԾ:
Զոլյանի խոսքով՝ դեռ իր դեմ մեղադրանք չի առաջադրվել, ինքը միայն բացատրություն է գրել: ԱԱԾ-ն մեկ միլիոն դրամի շորթումը վերագրում է արվեստի գործերի գնման գործարքների արդյունքում գումարի կորստին:
«Մեկը գրադարանի վերանորոգմանն է վերաբերվում: Այդ մասնագետը, անունը չեմ տա, համաձայնությունը չունենք, մեզանից վերցրել է 930 հազար դրամ: ԱԱԾ-ն գնահատում է, որ կատարված աշխատանքը 130 հազար դրամ է կազմել, ինչը միայն փայտի արժեքը կլիներ: Իսկ երկրորդ արվեստագետը՝ քույրս է: Նրա գործերը ցուցադրվել են, և քանի դեռ ես գործուղման մեջ էի, մեր աշխատողները որոշել են սյուրպրիզ անել ինձ և գնել են նրա ցուցահանդեսից երեք նկար և 20 գծանկարային գործ, ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 250 հազար դրամ: Այս գործերն էլ ԱԱԾ-ն գնահատել է 500 հազար դրամ», – ասել է Զոլյանը:
Նախկին ռեկտորը նշել է, որ ԱԱԾ-ում իրեն ասել են, թե բուհի հաշվապահն է հաստատել, որ նկարները գնելու հրահանգն ինքն է տվել: Այդ առնչությամբ Զոլյանը հայտարարել է, որ պատրաստ է սուտ մատնության համար պատասխանատվության կանչել հաշվապահին: