Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել էր, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը (լուսանկարում՝ մեջտեղում), գրում է «Հրապարակ» թերթը:
Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը` հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաև Լիլիթ Գալստյանի` քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»:
Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել, գրում է թերթը: