Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեյցարիա դեսպան Կոնստանտին Օբոլենսկին և Եվրամիության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն իրենց զորակցությունն են հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամին և կոչ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել հիմնադրամի նկատմամբ քրեական հետապնդումը: Այս մասին այսօր` մարտի 27-ին, նրանք հայտարարել են «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված մամուլի ասուլիսին, հայտնում է Civilnet.am-ը:
«Սիվիլիթասը և ՍիվիլՆեթը մեզ համար կարևոր գործընկերներ են: Նրանք չափազանց կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում, և հենց դրանով է պայմանավորված, որ դեսպանատների ներկայացուցիչները սերտորեն աշխատում են Սիվիլթասի հետ»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ հավելելով, որ հիմանդրամի հետ իրականացրել են մի շարք ծրագրեր, որոնք կատարվել են նախատեսված ժամկետների և բյուջեի սահմաններում:
«Հայաստանը համապատասխան հավակնություններ ունի օրենքի գերակայության վերաբերյալ, սա էլ համապատասխան քննություն է: Սիվիլիթաս հիմնադրամին ներկայացվող մեղադրանքները պետք է հիմք ունենան: Մինչ այսօր ես իրական հիմքերի մասին տեղյակ չեմ»,- ասել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` հավելելով, որ նմանատիպ դեպքերում Հայաստանը վնաս է հասցնում այն դրական իմիջին, որը ձևավորվում է քաղաքական զարգացումների ընթացքում որոշումներ կայացնելիս: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ընդգծել է, որ ասուլիսը հրավիրվել է հենց դեսպաններին նախաձեռնությամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին:
Լուսանկարը՝ Civilnet.am