Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կարծում է, որ Եվրախորհուրդը և միջազգային կառույցները դադարեցնում են իրենց աջակցությունը իրեն՝ իր բերած դատական հայցով գործում: Այս մասին Զոլյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ ինքը մենակ է մնացել ՀՀ դատարանի առջև:
Զոլյանը նման եզրակացության է եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարարի նոր նամակը ստանալուց հետո, որով անդրադարձ է արվում դատական գործին և որտեղ ասվում է, որ Կոմիտեն այլևս ոչ մի քայլ չի անելու, քանի որ միջամտությունները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել տեղական հասարակական քննարկումներում և մամուլում:
Զոլյանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցները, վերջին նախագահական ընտրություններից հետո իրենց կարծիքները հրապարակելով, ևս խուսափել էին ՀՀ իշխանությունների դեմ գնահատականներ տալուց:
Զոլյանը հիշեցրել է, որ նախկինում Եվրախորհրդի փորձագետների կոմիտեն այլ դիրքորոշում է ունեցել իր՝ ԿԳՆ-ի դեմ բերված գործում: Նախկինում ասվել է, որ փորձագետն իրավունք ունի չենթարկվել գործադիր իշխանությանը, նա պետք է կատարի անկախ փորձագետի պարտականությունները:
ԵՊԼՀ նախկին ռեկտորը հիշեցրել է, որ առաջին ատյանի դատարանը Եվրախորհրդի այդ պահանջը հաշվի չի առել և մերժել է իր հայցը: Զոլյանը ասել է, որ մի քանի օր առաջ կայացած գործի վերաքննիչ դատական նիստում ինքը կարդացել է փորձագետների կոմիտեի նամակը, որտեղ նշվել է, որ ՀՀ կառավարության անդամը փորձել է միջամտել անկախ փորձագետի աշխատանքին, որ ՀՀ կառավարության անդամը չի թույլատրել փորձագետին մասնակցել պլենար նիստին: Սակայն, Զոլյանի փոխանցմամբ, նամակը Կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի կողմից որակվել է որպես «եսիմ ինչ նամակ»:
Գործով վճիռը հրապարկվելու է ապրիլի 4-ին: Զոլյանն ասել է, որ նոր գրություն ստանալն է պատճառը, որ ինքը ասուլիս որոշել է հրավիրել հիմա, քանի որ, փաստրեն, ինքը «մենակ է դատարանի առջև»:
Հիշեցնենք, որ Զոլյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ անցյալ տարվա ապիլի 17-ի 58-Ա հրամանները՝ վերականգնել իրեն ռեկտորի աշխատանքում և ապրիլի 17-ից մինչ օրս հարկադիր պարապուրդի գումարը վճարել: