Home / Տեսանյութեր / «Իշխանությունը և պսևդոընդդիմությունը չարաշահում են անհամաձայնությունը». Ռուբեն Հակոբյան

«Իշխանությունը և պսևդոընդդիմությունը չարաշահում են անհամաձայնությունը». Ռուբեն Հակոբյան

Երկրում գաղջ մթնոլորտ չէ, և դա արձանագրվել է փետրվարի 18-ին ու շարունակում է ապացուցվել հիմա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նա ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը պատրաստ է ընդունել բոլորին, ով իսկապես ցանկանում է պայքարել գաղջ մթնոլորտի դեմ:

«Ժողովուրդն իր անելիքն արել է: Մենք ասում էինք՝ ձայն տվեք, տվել են: Հիմա մենք մերը պետք է անենք», – ասել է Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը նման կերպ չի կարող շարունակել դեգրադացվել: Բանախոսը վստահություն է հայտնել, որ ամենալավ խորհրդարանը եղել է առաջին Գերագույն խորհուրդը (1990-95թթ.), և դրա ու ներկայիս ԱԺ-ի միջև սարեր ու ձորերի տարբերություն կա:

Հակոբյանն անդրադարձել է ՀՅԴ-ի հետ ունեցած տարաձայնություններին՝ ասելով, որ մեծ ողբերգություն չպետք է սարքել նրանից, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասնական ցուցակով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն շարունակում է մնալ առաջին ուժը, ում հետ «Ժառանգությունը» կարող է համագործակցել, սակայն «իշխանությունը և պսևդոընդդիմությունը չարաշահում են եղած անհամաձայնությունը»՝ փորձելով վնասել կուսակցությունների վարկանիշին:

«Դա թույլ չտալու համար՝ պետք չէ թեման շարունակել», – ասել է Հակոբյանը:

Նշենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ՀՅԴ-ն առաջարկել է, որպեսզի կուսակցությունների առաջնորդներից մեկը լինի ավագանու ցուցակի առաջին համարը՝ կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Արմեն Ռուստամյանը, իսկ «Ժառանգությունն» այդ նախապայմանին չի համաձայնել: