Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
9-րդ տուրում նա պարտիան տանուլ էր տվել իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ այսօր՝ 11-րդ տուրում, պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: Դեռևս միջնախաղում Արոնյանը ծանր դիրք ստացավ, փորձեց իրավիճակը փրկել, սակայն շարունակեց սխալվել, և ստիպված եղավ հանձնվել 41-րդ քայլին: Արոնյանի պարտությունից օգտվեց Վլադիմիր Կրամնիկը, ով սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին և շրջանցեց հայաստանցի շախմատիստին: Առաջատարի դիրքը պահպանեց Մագնուս Կառլսենը, ով սևերով միավորը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գելֆանդ-Իվաչուկ պարտիան ոչ-ոքի ավարտվեց:
Կառլսենը վաստակել է 7,5 միավոր, Կրամնիկը՝ 7, իսկ Արոնյանը՝ 6,5:
Լևոնը մրցաշարում հաղթանակ տանելու հույսեր գրեթե չունի: Նրա ճակատագիրը կարող է որոշվել արդեն վաղը. եթե Արոնյանը չկարողանա սպիտակներով հաղթել Կրամնիկին, ապա հաղթողի կոչման համար պայքարը հայաստանցի գրոսմայստերի համար ավարտված կլինի: Բացի սեփական հաղթանակից, Արոնյանը պետք է հույս փայփայի, որ Կառլսենը սպիտակներով չի հաղթի ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Հարկ է նշել, որ Կառլսենը հեշտ խաղացանկ ունի. նա սպիտակներով խաղալու է Իվանչուկի և Սվիդլերի հետ, իսկ սևերով մրցաշարի հետնապահի՝ Թեյմուր Ռաջաբովի: Արոնյանը Կրամնիկից հետո սևերով ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ապա սպիտակներով կհանդիպի Ռաջաբովին: Կրամնիկը, բացի հայաստանցի շախմատիստից, սպիտակներով խաղալու է Գելֆանդի և սևերով՝ Իվանչուկի դեմ: