Չնայած հանգամանքին, որ ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպումը տեղի է ունեցել Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն կողմերը համաձայնության չեն եկել:
Թերթը փորձել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Բաղդասարովից ճշտել՝ ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը:
«Հրապարակ»-ը գրում է, որ, պատասխանելով հեռախոսին, անչափ բարյացակամ ասել է. «Յա վաս սլուշայու» (Ես Ձեզ լսում եմ), բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է՝ «ես ժամանակը չունեմ», ու անջատել է հեռախոսը:
«Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար: Ի դեպ, մեր հարցին ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը», – եզրափակում է «Հրապարակ»-ը: