«Արմավիա» ընկերությունը փոխհատուցելու է բոլոր այն ուղևորներին, ովքեր տոմսեր են գնել ընկերությունից՝ ապրիլի 1-ից հետո նախատեսված չվերթների համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: Նրա խոսքով՝ եթե ապրիլի 1-ից հետո նախատեսված չվերթների տոմսերը վաճառել են առանձին տուրիստական գործակալություններ, ապա իրենք էլ պետք է գումարները վերադարձնեն, իսկ եթե գումարն արդեն փոխանցվել է, այն փոխհատուցելու է «Արմավիան»:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները և սկսում սնանկության գործընթացը: Ընկերությունն իր պաշտոնական հայտարարության մեջ նշել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ավիաընկերությունը աշխատել է իր սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի՝ այլ բիզնեսներից ստացված գումարների հաշվին, իսկ նման կերպ այլևս շարունակել չի կարող:
Epress.am-ը զրուցել է մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ և պարզելէ, որ դրանց մի մասը արդեն քննարկել է «Արմավիայի» հետ տոմսերի վճարների փոխանցումը, մյուս մասը՝ պատրաստվում է դա անել առաջիկա օրերին: