2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատված գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ, ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պարսամյանը հերքել է վերոնշյալը՝ ընդգծելով, որ ինքը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Որոշեցի հեռանալ, որովհետև 37 տարի աշխատում եմ ու որոշել եմ այլևս չաշխատել: Գնացել եմ երկարատև ծառայողական կենսաթոշակի: Ես բոլորովին խնդիրներ չունեմ, ես իմ ղեկավարի հետ երկար ու ձիգ տարիների աշխատանքային փոխհարաբերություններ ունեմ, մինչև այսօր էլ մեր հարաբերությունները շատ ջերմ են, և շատ ջերմությամբ էլ իրարից բաժանվել ենք: Իսկ այսօրվա դրությամբ լավ ընկերներ ենք: Հանրապետության գլխավոր դատախազը ինձ հարազատ մարդ է, մինչև այսօր էլ հարազատ է ու կմնա մինչև կյանքի վերջ», – ասել է Պարսամյանը:
Նա հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ որսի է գնում և հաց է ուտում, սակայն ինքը չի ասել «թագավոր ախպեր ջան»:
«Դրանք ստահոդ տեղեկություններ են, նման բան չկա: Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, և թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի», – հայտարարել է Պարսամյանը: