Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունն առաջարկել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միասնական ցուցակը գլխավորի կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Վարդան Օսկանյանը: «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում մեկնաբանելով առաջարկը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ եթե այդ եռամիասնությունը ձևավորվեր, ԲՀԿ-ն՝ ուզեր, թե չուզեր, շարժման մաս էր կազմելու:
«Պետք չէր ընկնել նորից փորփրել, թե ով ինչ է, ինչոց է և այլն: Իզուր տեղը սև ու սպիտակ ման գալու խնդիր էստեղ պետք չէր դնել: Դա շարժմանը նոր թափ էր հաղորդելու, որովհետև իրենք պիտի բացատրեին, թե ինչի են միանում Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե էդպիսի բան լիներ, սա անխուսափելի պարտություն էր ենթադրում իշխանությունների համար: Եվ վերջիններս ամեն ինչ արել են, որ դա չստացվի», – ասել է Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է իրենց ստիպել, մասնավորապես, Վարդան Օսկանյանին «բերել ցուցակ» այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ինքը չեղավ Ազատության հրապարակում և այդ գործընթացում կարծես թե դիտորդի կարգավիճակում էր:
Ռուստամյանը նշել է, որ իրենք փորձել են ոչ իշխանական դաշտը համախմբել լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնել Երևանում ընդդիմության իշխանության հաստատմանը:
«Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք էդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր Էսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենար, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել` ցուցակը գլխավորել: Մեր խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: Դրանից հետո էլի պայքարը մնում է, բայց` պակաս արդյունավետ: Այն տարբերակը ամենալիարժեքը կապահովեր և գրեթե հարյուր տոկոսանոց հաջողություն կունենար: Ուղղակի, ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, և նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի, համարելով, որ դա նսեմացնելու է իր` նախագահական ընտրությունների հաջողությունը: Ես այդպես չեմ կարծում, որովհետև ունենք բազմաթիվ փաստեր, որ տեղի է ունեցել այլ թեկնածուների հետ, և դա երբեք նրանց կողմից չի դիտվել որպես իրենց հաղթանակի նսեմացում: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը կա, նույն Սերժ Սարգսյանը գլխավորում է Աժ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը», – ասել է Արմեն Ռուստամյանը: