ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ տեղյակ է, որ իր բուժմանը պետականորեն աջակցելու հետ կապված «կրքեր են բորբոքվել», մինչդեռ ինքը գումարը դեռ չի ստացել:
«Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում։Պետականորեն ներողություն են խնդրել կորցրածս 17 ու կես տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետության հոգսն ավելացնել», – գրել է Հայրիկյանը։
Ինչ վերաբերում է հատկացված գումարի չափին՝ 20.5 մլն դրամ, Հայրիկյանը գրել է, որ այն կարող է ավելանալ և պակասել՝ կախված բուժման ընթացքից։
«Ճիշտ վարվեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչները, ովքեր իմ առողջականը տառացիորեն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկե, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխոսեմ), բայց դա իմ կյանքի նպատակը չէ։ Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թե հւգեպես, թէ նյութապես։
Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցավազրկողներ տվեց։ Զատիկից հետո, որ այստեղ էլ լուրջ նշում են, հավանաբար, կսկսի հիմնական բուժումը։ Ամենայն բարիք բոլորին», – գրել է Հայրիկյանը:
Նշենք, որ Կառավարության որոշումից հետո մի շարք Facebook-ի օգտատերեր և ԶԼՄ-ներ իրենց դժգոհությունն էին արտահայտել նման գումար Հայրիկյանին տրամադրելու կապակցությամբ՝ նշելով, որ, օրինակ, մարտի 1-ին զոհված 10 անձանց ընտանիքները փոխհատուցում այդպես էլ չեն ստացել:
Կառավարության որոշումը քննադատողներին Հայրիկյանն անվանել էր «խղճուկներ» ու խորհուրդ տվել «իրենց թույնով ու նախանձով տապակվել»:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել հունվարի 31-ին իրականացված մահափորձի հետևանքով: Մահափորձը պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: