«Արմավիան» վճարելու է տոմսեր գնած մարդկանց գումարները, բայց այս պահին ընկերությունում չգիտեն՝ երբ դա կարվի:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են «Արմավիայի» հասարակության հետ կապերի բաժնից:
Ընկերությունից հավաստիացրել են, որ «Արմավիայի» սնանկանալուց որևէ ուղևոր չի տուժի: Հիշեցնենք, որ ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել ապրիլի 1-ին, սակայն մինչ այդ տարբեր չվերթների համար տոմսեր են վաճառվել մինչև հոկտեմբեր:
Այսօր տոմս գնած մարդկանցից մի քանիսը գնացել են «Արմավիայի»՝ Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակ՝ իրենց գումարները հետ պահանջելու, սակայն նրանց ոչ մի կոնկրետ պատասխան չեն տվել:
Անդրադառնալով այդ պահանջին՝ «Արմավիայից» մեզ հայտնել են, որ մարդիկ տոմսերի գումարների վերադարձի մասին հարցեր ունենալու դեպքում պետք է դիմեն «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ գտնվող «Արմավիայի» գլխամասային գրասենյակ:
Միևնույն ժամանակ, հասարակայնության հետ կապերի բաժնից ասել են, որ դա անելու անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ ընկերությունը չի կարող այժմ պատասխանել, թե կոնկրետ որ օրը որ ուղևորին գումարը կվերադարձվի:
«Մեր ուղևորները պետք է ըմբռնումով մոտենան, մեզ օգնեն, ոչ թե խանգարեն գումարների վերադարձը կազմակերպելու գործում: Տոմսեր վաճառել ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը: Բնականաբար, չենք կարող մինչ այդ ամսաթիվը բոլոր ուղղություններով վաճառված տոնսերը հաշվարկել մի քանի օրում: Այժմ մեր մասնագետներ մշակում են սխեմա, թե ինչպես պետք է կատարվի փողի վերադարձը: Օրինակ, ապրիլի 5-ի համար տոմս գնած մարդկանց գումարի վերադարձը ավելի շուտ պետք է արվի, քան օգոստոսի չվերթների համար գնված տոմսերի»,- ասել է «Արմավիայի» ներկայացուցիչը:
Այդ առնչությամբ «Արմավիայից» հիշեցրել են, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Արմավիան» վերադարձրել էր սիրիահայերի գնած տոմսերի գումարները, այն բանից հետո, երբ չվերթները դեպի Սիրիա դադարեցվել են: «Այս նախադեպը պետք է հուշի, որ մենք խաբելու մտադրություն չունենք»,- ասել են ընկերությունից:
Փոխհատուցումը կատարվելու է երեք եղանակով՝ օնլայն գնած տոմսերի գումարը հետ է փոխանցվելու գնորդի հաշվեհամարին, «Արմավիայի» դրամարկղերից տոմս գնած մարդիկ հենց նույն կետից էլ պետք է հետ ստանան իրենց գումարը, իսկ տուրիստական գործակալությունների հետ գործարք կնքած ուղևորները պետք է դիմեն համապատասխան գործակալությանը: