Այսօր ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Իրավապահների կարծիքով՝ դրանով «ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով»:
Ոստիկանությունը ներկայացնում է տեղի ունեցածի մանրամասները.
«Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:
Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ:
Կրկին հիշեցնում ենք. ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական և ցանկացած այլ պատկանելության մեջ:
Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել «պաշտպանվածության աստիճանը», ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, և նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետևանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են են բոլորը»: