Home / Հայաստան / Պռոշյանի սպանված գյուղապետին սպառնում ու ահաբեկում էին. ՀՅԴ

Պռոշյանի սպանված գյուղապետին սպառնում ու ահաբեկում էին. ՀՅԴ

Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանն ահաբեկչության զոհ է դարձել, ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ: Այսօր առավոտյան տեղի ունեցած սպանությունը Դաշնակցությունն անվանում է կանխամտածված ու ծրագրված:

«Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:

Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին», – նշում է ՀՅԴ-ն:

Հայտարարության հեղինակները ցավով արձանագրում են, որ Հայաստանում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մարդկանց կյանքի անբաժանելի մաս է կազմում։

«Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը՝ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում», – եզրափակում են հայտարարության հեղինակները: