25-ամյա Մելինե Գրիգորյանը պայքարում է իր 8 ամսական աղջկան ամուսնու ընտանիքից հետ վերադարձնելու և իր խնամքի տակ առնելու համար, տեղեկացնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խումբը:
Հետաքննող լրագրող Մերի Սողոմոնյանը swv.am կայքում ներկայացնում է Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի բնակչուհի Մելինեի պատմությունը, ով իր երեխային ծնվելուց հետո չի կարողանում հետ վերցնել ամուսնու ընտանիքից:
Մելինեի առաջնեկը՝ Մարիամը, ծնվել է 2012 թվականի հուլիսի 13-ին: Մոր մոտ հետծննդյան փսիխոզ է նկատվել, որից հետո տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր` բուժում ստանալու համար, իսկ այդ ընթացքում երեխայի խնամքը ժամանակավոր իրականացնելու պատրաստականություն էր հայտնել ամուսնու ընտանիքը:
Մելինեի խոսքերով` մոտ մեկ ամիս տևած բուժման ընթացքում միայն ամուսինն է մի քանի անգամ այցելել, իսկ ամուսնու բարեկամներն ու հարազատները նրան այցելության չեն գնացել: Հիվանդանոցից դուրս գրվելու օրն ամուսինը ներկա չէր, իսկ դուրս գրվելուց հետո մայրական տանն է հաստատվել, որտեղ էլ մինչև այսօր ապրում է:
Դիսպանսերից դուրս գրվելուց հետո ամեն անգամ սպասում էր իր աղջկան, ամուսինն ամեն շաբաթ խոստանում էր երեխային բերել, սակայն մինչև օրս էլ ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքը հրաժարվում է երեխային մոր խնամքին հանձնել:
«Ես դիսպանսերում բուժվել եմ, 2012թ.-ի օգոստոսի 21-ին դուրս եմ գրվել, հիմա ես ինձ շատ լավ եմ զգում ու պահանջում եմ, որ իմ երեխային ինձ տան: Անընդհատ իմ երեխայի մասին եմ մտածում, թե երբ երեխաս իմ կողքին կլինի, գրկեմ, գուրգուրեմ.. շատ վատ եմ զգում, որ հետս չի…», – պատմում է Մելինեն: Նրա խոսքով՝ երազում է այն օրվա մասին, երբ Մարիամն իր կողքին կլինի ու երբ ստիպված չի լինի ամեն անգամ աղջկան տենսելու համար գնալ ամուսնու տուն, որտեղ մինչև ծննդաբերելն ապրում էր:
Այժմ Մելինեի դուստրն ամուսնու տանն է, ամուսինը աշխատում է, հիմնական խնամքը վերջինիս ծնողներն են իրականացնում: Մելինեն և Սարգիսը բաժանված են, բայց դեռ օրինական ճանապարհով դա չեն հաստատել, միասին չեն ապրում, իսկ Մելինեն չի ցանկանում այլևս միանալ ամուսնուն: Մելինեի մայրը` տիկին Մելանյան, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է, որ Սարգիս Ղոնյանի մայրը տղայի միջոցով Մելինեի իրերը հավաքել է և ուղարկել, իսկ հիվանդանոց բուժման նպատակով տեղափոխված հարսին այդպես էլ տեսակցության չեն եկել: Աղջկա ապաքինվելուց հետո իրենք են գնացել ամուսնու տուն, սակայն երբ այցելություններից մեկի ժամանակ տեղեկացրել են, որ մտադիր են երեխային տուն տանել, շատ կոպիտ վերաբերմուքնի են արժանացել ու դուրս հրավիրվել տնից:
Մելինեն պատմել է Արագ Արձանգանքման Խմբի ներկայացուցինչներին, որ ամուսնու ընտանիքում խաղաղ մթնոլորտ չէր, վեճեր էին լինում, սակայն իր մորը տեղյակ չէր պահում դրա մասին, չէր ուզում անհանգստացնել:
Մելինեն 2012 թվականի նոյեմբերի վերջին դիմել է փաստաբանի օգնությանը` դատարանի միջոցով հարցին լուծում տալու համար:
Խմբի անդամները փորձել են ամուսնուց բացատրություն ստանալ կատարվածի վերաբերյալ. վերջինս պատճառաբանել է, որ Մելինեն հոգեկան հիվանդ է, բուժում է ստանում:
«Մելինեն ապաքինվել է, ճանաչվել է գործունակ, և մասնագետների հավաստմամբ` կարող է երեխայի խնամքն իրականացնել, որը վերջինիս լավագույն շահն է: Այնուամենայնիվ, իրավական դաշտում հստակ չի սահմանվում, թե երեխան որ ծնողի մոտ պետք է ապրի, այլ նշվում է, որ ծնողները հավասարաչափ իրավունքներ ունեն խնամելու և դաստիարակելու իրենց երեխային», – նշել է Մելինե Գիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Բադալյանը:
Նա նշել է, որ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ միայն 10 տարեկան հասակում երեխան կարող է ցուցմունք տալ դատարանում, թե որ ծնողի հետ է ցանկանում ապրել:
«Ըստ իս՝ հայրը չի կարող երեխային խնամել, քանի որ շաբաթվա 5-6 օրն աշխատում է, իսկ տատիկներն ու պապիկները իրավահարաբերության կողմեր չեն, և չեն կարող դատարանում հանդես գալ որպես կողմ և պնդել իրենց իրավունքերը: Նրանք ընդամենը իրավունք ունեն շփվելու իրենց թոռնիկների հետ: Հուսով ենք, որ այս կարևոր հանգամանքը դատարանը հաշվի կառնի», – հավելել է փաստաբանը:
Երեխայի հոր` Սարգիս Ղոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ղազարյանը, իր հերթին, ասել է. «Մենք գտնում ենք, որ գոնե այս պահի դրությամբ, քանի դեռ այլ հանգամանքներ չկան, երեխայի համար լավագույն շահ է մնալ իմ վստահորդի մոտ: Այստեղ երեխայի միայն կեցության վայրով չի խնդիրը որոշվում, այլ մենք գտնում ենք, որ հայր ծնողն այս պահին ավելի ունակ է երեխային ինքնուրույն խնամելու, պահելու, քան մայր ծնողը: Հայցվորը որևիցե կերպ ցանկություն չի հայտնել երեխայի հետ բժշկի գնալու, հետարքրվելու նրա կազդուրմամբ: Բացի այդ, այս պահին հայցվորն իր գործողություններով ունակ չէ երեխայի կենսակերպը ճիշտ ապահովելու` երեխային ժամանակին կերակրելու, լողացնելու եւ այլն… Մեր կասկածներն ավելի խորացան այդ հարցերի վերաբերյալ դատարանում նրա հնչեցրած պատասխաներից»:
Սարգիս Ղոնյանը մարտի 28-ին նշանակված դատաքննության ժամանակ ցուցմունք տալիս նշել է, որ ինքը որպես ամուսին և հայր ծնող, հետաքրքրվել է Մելինեի առողջությամբ, մշտապես այցելել է նրան բուժում ստանալու ընթացքում, միևնույն ժամանակ աշխատանքից հետո իր ժամանակը լիարժեք տրամադրել արդեն 8 ամսական դարձած դստերը` Մարիամին: Նա նաև տեղեկացրել է, որ երբևէ դեմ չի եղել, չի արգելել, որպեսզի երեխայի մայրը հաճախակի այցելի և երկար ժաանակ անցկացնի դստեր հետ, սակայն այցելություններն ու հեռախոսազանգերն իրականում քիչ էին:
«Ես հաճախելուն դեմ չեմ, բայց դեմ եմ երեխային նրան վերադարձնելուն` ելենելով իր անտարբերությունից, անհոգատար վերաբերմունքից, իր վիճակից: Ինքն ի վիճակի չի հոգեբանորեն, ֆիզիկապես խնամքն իրականացնելու. հոգեմետ դեղեր է ընդունում դեռ: Եթե ես զգայի, որ իրնքն ի վիճակի է երեխային խնամել, հիմա ինձ հետ կապրեր», – ասել է Սարգիս Ղոնյանը:
Մելինեի հարազատներն անազնիվ են համարում ամուսնու կողմից ցուցաբերած վերաբերմունքը և կարծում են, որ երեխային մորը վերադարձնելով, կօգնեն աղջկան շուտ ապաքինվել:
«Եթե երեխան լինի մոր մոտ ավելի լավ կզգա, առողջ կլինի: Ում մոտից էլ իր երեխային վերցնեն, ինչ հիվանդություն ասես կստանա… Աղջկա ապրումներն ավելի են բարդացրել, շատ վատ վերաբերունք են ցուցաբերել», – նշում է Մելինեի հորաքույր Սվետիկ Գրիգորյանը:
Գեղանուշ գյուղական համայնքի ներկայացուցիչ, խնամակալության և հոգաբարձության մարմնի անդամ Լ. Բեգլարյանը հավաստիացրել է, որ Մելինեի ընտանիքը բավարար պայմաններն ունի երեխայի խնամքն իրականացնելու համար. ունեն տնամերձ այգի, անասնապահությամբ են զբաղվում, մայրն աշխատում է դպրոցում, եղբայրը Ռուսատանից ֆինանսապես աջակցում է, իսկ իրենց ընտանիքը համեստ ընտանիք է և հանգիստ մթնոլորտ է տիրում նրանց տանը:
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի փոխանցմամբ` Մելինե Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, տնային պայմաններում շարունակում է բուժումներ ստանալ, իսկ երեխայի խնամքն իրականացնելու վերաբերյալ հակացուցումներ չկան: Մարտի 28-ին դատական նիստի ժամանակ ներկա գտնվող երկու կողմերի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց դիրքորոշումները գործի վերաբերյալ, պատասխանել իրենց ուղղված հարցերին, իսկ որպես վկա հրավիրված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի ներկայացուցիչը հայցվորի առողջության վերաբերյալ մասնագիտական եզղրակացություն չի հասցրել ներկայացնել տվյալ նիստի ժամանակ. Նա վկայություն կտա հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 4-ին: