Home / Հայաստան / «ԲՀԿ-ն պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու անցյալի սխալից». Րաֆֆի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԲՀԿ-ն պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու անցյալի սխալից». Րաֆֆի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ժառանություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, այսօր շարունակում է իր մարզային հանդիպումները: Առավոտյան Հովհաննիսյանն այցելել է Աբովյան, Նոր Հաճն, այժմ ուղևորվում է Չարենցավան, ապա Մարտունի:

Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ապրիլի 9-ին պատասխանատու պահ է լինելու բոլոր կուսակցությունների համար, ովքեր վստահեցնում էին, որ ժողովրդի կողքին են: Կոտայքի մարզում մեծ կշիռ ունեցող ԲՀԿ-ն, Հովհաննիսյանի խոսքով, ևս կանգնելու է ընտրության առջև:

«ԲՀԿ-ն նույնպես պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու իր անցյալի սեփական սխալից, մեղսակցությունից և դառնալո՞ւ է արդյոք ժողովրդի կողքը կանգնող նորարար ուժ»,- Աբովյանում ասել է Հովհաննիսյանը:

Իր հանդիպումների ժամանակ ընդդիմության առաջնորդը կոչ է արել մարդկանց ապրիլի 9-ին գալ Երևան՝ մասնակցելու «Նոր Հայաստանի երդմնակալությանը և, փետրվարի 18-ի նման, ասել, որ սա մեր հայրենիքն է»:

«Հաղթանակը դրված է, եթե գործենք դրա համար: Եթե դուրս գանք խոսքի մշակույթից, մակերեսային քարոզներից, նժդեհական, բայց մեկ-մեկ սուտ կուսակցականացված քարոզներից, և գործենք, որ սպասարկենք, ոչ երբեք ղեկավարենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Հաճնում հավաքված մարդկանց:

Այսօր Հովհաննիսյանի հետ մարզեր է գնացել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Տեսանյութը Youtube-ում տեղադրել է Barev Hayastan օգտատերը: