Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը` Լֆիկ Սամոն, Փակ Շուկայի շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ ընթացքում նրա շքեղ մեքենան կայանված էր արգելված գոտում:
«Ընդ որում` Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր` շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն նման պահվածքը հատկապես ուշագրավ է համարում նախօրեին Երևանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին «Փակ շուկայի» խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին:
«Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի «Փակ շուկայի» շուրջ բարձրացած աղմուկի վրա: Քրգործերով էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի», – եզրափակում է թերթը: