Home / Հայաստան / «Դիկտատորի հետ չեն խոսում». Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ որն է Սերժ Սարգսյանի նպատակը

«Դիկտատորի հետ չեն խոսում». Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ որն է Սերժ Սարգսյանի նպատակը

Դիկտատորների հետ չեն խոսում, չեն ասում՝ իշխանությունը տուր ժողովրդին, այլ պարտադրում են հեռանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ ինքը համաձայն չէ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի պատրաստակամության հետ:

Սեֆիլյանի խոսքով՝ քանի որ ռեժիմին ժողովուրդը խիստ բացասաբար է վերաբերվում, այդ ռեժիմի հետ շփումը վնասում է շարժմանը:

«Չեմ կարծում, որ կարելի է բանակցությունների մեջ մտնել հայտնի քցող Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ շարժմանը կվնասի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության ներկայացուցիչների մասակցությունը Երևանի քաղաքապետարանի ընտրություններին:

«Անիմաստ եմ համարում մասնակցությունը այդ ընտրություններին, մենք («Սարդարապատ» շարժումը – խմբ.) հորդորել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ոչ միայն անձամբ ինքը չմասնակցի, այլև իր թիմը, քանի որ թիմի մասնակցությամբ ինքը չի խուսափելու նրանից, որ թիմի պարտությունը իրան վերագրվի: Ժողովրդի պատգամը մեկն է եղել՝ վավերացնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները»,- ասել է Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ուզում է, որպեսզի քաղաքային ընտրություններին մասնակցեն բոլոր  կուսակցությունները, քանի որ նա նպատակ ունի ցույց տալու, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները իրենը չեն, այլ ողջ ընդդիմադիր զանգվածինը: