Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված հայ-թուրքական «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր հայազգի Ռոբեր Կոպտաշի (լուսանկարում) և գրող Ումիթ Քիվանչի խոսքերի հետ, ովքեր քննադատել են 2007 թվականի հունվարի 19-ին սպանված լրագրող, իրավապաշտպան Հրանտ Դինքի դատաքննության ընթացքը:
2012 թվականի հունվարի 17-ին Կոպտաշն ու Քիվանչը «Հաբերթուրք» հեռուստաալիքի «Քո հերթն է խոսելու» հաղորդման հյուրերն են եղել: Երկուսն էլ հաղորդման ընթացքում ասել են, որ Դինքի իրական սպանողը «պետությունն է» եղել: Նշենք, որ տարիներ ընթացող դատաքննության ընթացքում Դինքի ընտանիքի փաստաբանները պնդել են, որ թեև լրագրողին սպանել են ազգայնականները, սակայն իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ իմացել են նախագծվող ոճրագործության մասին և ոչինչ չեն արել` այն կանխելու համար:
Կոպտաշի և Քիվանչի նման մեկնաբանությունից հետո հունվարի 18-ին Անթալիայի բնակիչ ոմն Այդին Թասչին բողոք է ներկայացրել Ստամբուլի դատախազություն, որում նշել է, թե «Կոպտաշն ու Քիվանչն ակնհայտորեն հայեր են»: Թաշչիի խոսքով՝ երկու անձինք, ովքեր Թուրքիայի Հանրապետությանը «մարդասպան են» անվանել, «անբարո» խոսքեր են հնչեցրել դատաքննության ընթացքի մասին:
Հետագայում Թաշչին հրավիրվել է դատախազություն և հաստատել է իր բողոքը, որից հետո էլ արդեն այս շաբաթ դատախազը որոշում է կայացրել ընթացք տալ գործին:
«Ակօս»-ի փաստաբան Հական Բաքիրչիօղլուն հայտարարել է, որ դատախազությունը չպետք է գործ հարուցեր, քանի որ Հրանտ Դինքի գործով դատավարության ժամանակ անգամ մեղադրող դատախազն ընդունել է, որ պանության գործը քննվել է ոչ լիարժեք, իսկ Եվրոպայի մարդու իրավուքնների դատարանի վճռում նշված է, որ պետական պաշտոնյաները թերացել են իրենց գործունեության մեջ: Պետական պաշտոննյաներին անգործության մեջ է մեղադրել նաև Թուրքիայի նախագահին կից հետաքննող մարմինը, որը զբաղվել է Հրանտ Դինքի գործով:
Բաքիրչիօղլուի խոսքով՝ Կոպտաշն ու Քիվանչը միայն կրկնել են այն, ինչ բազմիցս ասվել է, և դատախազը քաղաքացու բողոքը չպետք է լուրջ ընդուներ: