Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ երկու օր առաջ բերման ենթարկված 31-ամյա Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նշենք, որ Արայիկ Պետրոսյանի հետ բերման էր ենթարկվել նրա եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը: