Պռոշյանի գյուղապետ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Հրաչ Մուրադյանը (լուսանկարում) դարձել է գործող համակարգի հերթական զոհը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք տեղյակ ենք եղել, որ նախորդ տարիներին ՏԻՄ ընտրությունները, որոնցում երեք անգամ հաղթել է Հրաչը, անցել են լարումներով: Որովհետև մեր երկրում ընտրությունները նման են իշխանությունների կողմից պատրաստվող ռազմական օպերացիաների: Ռեժիմին հնարավոր չի լինելու կոծկել այս սպանությունը»,- ասել է Սեֆիլյանը:
Ազատամարտիկը հավելել է, որ չի բացառում, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը փորձ է ազդելու, ուղղորդելու ներքաղաքական իրավիճակը, քանի որ երկրում քաղաքական լարում կա:
Հիշեցնենք, որ Մուրադյանին սպանել էին ապրիլի 2-ին հրազենից՝ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց:
Սպանության փաստով հարուցված քրեական գործով կա երկու կասկածյալ՝ 33-ամյա Արտակ Պետրոսյանը և 31-ամյա Արայիկ Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Պետրոսյանները եղբայրներ են: